2018թ. հունիսի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական գնահատման կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հրավիրված հույն փորձագետներ Ստասիս Տրիանտաֆուլլոյի (հոգեբան, հաշմանդամության գծով փորձագետ) և Անդրեաս Կարխորինոսի (մանկական կլինիկական հոգեբան, հաշմանդամության գծով փորձագետ) հետ: Փորձագետներն իրականացնում են SOCIEUX ծրագիրը, որը տեխնիկական աջակցություն է ՀՀ կառավարությանը ԱՀԿ ՖՄԴ հաշմանդամության ներդրման գործընթացն իրականացնելու համար: Առաջին այցը տեղի է ունեցել փետրվար-մարտ ամիսներին: Սա երկրորդ այցն է Հայաստան, որի նպատակն է՝ օգնել հասկանալ հաշմանդամության տարբեր տեսակների համար արձանագրությունների մշակման սկզբունքները:
Քննարկումից առաջ փորձագետները ՀՄ կենտրոնում դիտարկեցին TPBA (Transdisciplinary play based assessment) երեխայի գնահատումը, ինչպես նաև՝ ադապտացիոն աշխատանքը, այնուհետև կլոր սեղանի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում՝ ինչպես կատարելագործել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատումը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, UNICEF-ի, UNDP-ի ներկայացուցիչներ, Measure Evaluation կազմակերպության Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների մշտադիտարկման և գնահատման հարցերով խորհրդատու Հ. Ղուկասյանը, ինչպես նաև՝ կրթության հարցերով փորձագետ Վ. Կատինյանը, ՀՄԿ տնօրեն Լ. Ասրյանը և կենտրոնի գնահատող մեթոդիստները: Քննարկվեցին գնահատման գործընթացի կարևոր հարցեր և նախանշվեցին հետագա համագործակցության քայլերը:
Հարկ է նշել, որ փորձագետներ Ստասիս Տրիանտաֆուլլոն և Անդրեաս Կարխորինոսը չափազանց տպավորված էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում իրականացվող աշխատանքներով, շեշտեցին, որ գնահատման աշխատանքներն իրականացվում են բարձր մակարդակով և պրոֆեսիոնալիզմով: Նրանք որակեցին ՀՄԿ մասնագետների աշխատանքը հետևյալ բառերով. «Գերազանց աշխատանք՝ գերազանց թիմով»: