Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը մասնակցել է «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» թեմայով առցանց քննարկմանը, որն իրակացվել է 2026թ․ մայիսի 28-29-ը Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի նախաձեռնությամբ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության համագործակցությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՌԴ հանձնաժողովի աջակցությամբ անցկացված «Բուհերի դերը հասարակության մեջ ներառական մշակույթի զարգացման գործում» խորագրով երրորդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։
Համաժողովի հիմնական նպատակն էր միավորել գիտության, պրակտիկայի և հասարակության կարողությունները ներառական կրթության զարգացման, կրթության ոլորտում ներառական գործընթացի շարունակականության ապահովման, ինչպես նաև բարձրագույն ներառական կրթության բնագավառում տեսական գիտելիքների և փորձի տարածման ուղղությամբ։
Համաժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների պետական և հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ։
ՀՄԿ տնօրենն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում ներառական կրթության ուղղությամբ իրականացված և ընթացիկ գործողություններին, ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության հաջողված փորձը, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հիմնական գործառույթներն ու դերակատարումն այդ գործընթացում։ Նա կարևորել է ԱՊՀ երկրների պետական կառույցների միջգերատեսչական սերտ համագործակցությունը համընդհանուր ներառականության կայացման գործում։
Համաժողովի շրջանակում անցկացվել են թեմատիկ աշխատարաններ՝ նվիրված դպրոցներում և բուհերում սոցիալական ներառման գործընթացների գիտամեթոդական կազմակերպմանը, սովորողների մանկավարժահոգեբանական աջակցությանը, ինչպես նաև տարբեր թիրախային խմբերի համար ներառական կրթական միջավայրի նախագծմանը։
Համաժողովն ամփոփվել է բուհերի միջև համագործակցության ամրապնդմանը, ներառական կրթության զարգացման արդիական մարտահրավերների որոշակիացմանն ուղղված շեշտադրումներով, հստակեցվել են հետագա համագործակցության ռազմավարական ուղղությունները։
04.06.2026

