2026թ․ հոկտեմբերի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽՈՒՂԵՂԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Սնեժանա Սայցը։
Բանախոսը ներկայացրեց տեսողության գլխուղեղային խանգարման սահմանումը և առաջացման հիմնական պատճառները, ինչպես նաև երեխաների տեսողական ընկալման և վարքագծի առանձնահատկությունները։
Անդրադարձ կատարվեց
- ✦ տեսողական տեղեկատվության մշակման դժվարություններին,
- ✦ առարկաների և պատկերների ճանաչմանը,
- ✦ տարածական կողմնորոշմանը,
- ✦ տեսողական ուշադրությանը,
- ✦ շարժումների համակարգմանը,
- ✦ սոցիալական հաղորդակցության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերներին։
Առանձնահատուկ շեշտադրվեց խնդիրների վաղ հայտնաբերման և բազմամասնագիտական գնահատման կարևորությունը։ Դիտարկվեցին երեխայի տեսողական վարքագիծը տարբեր միջավայրերում ուսումնասիրելու, ծնողների և մասնագետների հետ համագործակցելու, անհատական կարիքներն ու ուժեղ կողմերը բացահայտելու, ինչպես նաև գնահատման արդյունքների հիման վրա համապատասխան աջակցության և արդյունավետ միջամտության ռազմավարություններ մշակելու մոտեցումները։
Բանախոսը ներկայացրեց նաև գործնական օրինակներ իր մասնագիտական փորձից՝ ընդգծելով միջավայրի հարմարեցման, տեսողական տեղեկատվության աստիճանական ներկայացման, երեխային բավարար ժամանակ տրամադրելու և տեսողական հմտությունները առօրյա գործողություններում զարգացնելու նշանակությունը։ Կարևորվեց ընտանիքի և մասնագետների շարունակական համագործակցությունը՝ երեխայի սովորելու, հաղորդակցվելու, ինքնուրույն գործելու և սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
03.11.2026

