2023թ․ հունիսի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց չորրորդ վեբինարը, որի թեման էր «ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Նիկոլինա Միհալիչ Կոցիանը, ով համապատասխան օրինակներով ներկայացրեց, թե ինչ է նշանակում ֆունկցիոնալ պարապմունքը աշակերտների և հենց մասնագետների համար, ինչպես է մասնագետը յուրաքանչյուր աշակերտի անհատական ուսումնական ծրագրի զարգացման և ֆունկցիոնալ նպատակներն իրականացնում պարապմունքների միջոցով, ինչ է ընդգրկուն մոտեցումը, և ինչու է այն կիրառվում, որոնք են դրա առավելություններն ու թերությունները։
Նա խոսեց նաև անհատական ուսումնական ծրագրի ստեղծման համար կարևոր մի շարք բաղադրիչների մասին, որոնք օգնում են գնահատել աշակերտի կարիքները, հասկանալ նրա ուժեղ կողմերն ու հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև միջավայրը, որտեղ բնակվում է աշակերտը։ Բանախոսը ներկայացրեց նաև ռազմավարությունը, որը սահմանում է նպատակներին հասնելու մոտեցումները, տրամադրվող օգնության մակարդակը, անհրաժեշտ հարմարեցումները և այս ամենը աշակերտի պարապմունքների մեջ ներառելու միջոցներն ու հնարավորությունները։
Վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր կայքին՝ հաջորդ վեբինարների մասին տեղեկանալու համար: