Հոգեկան առողջությունը երեխայի ընդհանուր առողջության և հոգեսոցիալական բարեկեցության անբաժանելի բաղադրիչն է և ուղղակիորեն ազդում է նրա ակադեմիական, սոցիալական և տնտեսական ձեռքբերումների վրա ողջ կյանքի ընթացքում։
Դպրոցական կրթության շրջանը կարևոր փուլ է հոգեսոցիալական բարեկեցության ապահովման հիմնարար կարողությունների զարգացման համար: Թե ինչպես են նրանք արձագանքում ճգնաժամային իրավիճակներին, ինչպես են հաղթահարում մարտահրավերները և որքանով են տոկուն,
կախված է տարբեր գործոններից, սակայն ամենակարևորը երեխաների՝ ինքնուրույն կյանքի պատրաստվածության և հոգեսոցիալական բարեկեցության բարձր մակարդակն է։ Իհարկե, երեխաները հենց իրենք կարող են վճռորոշ դեր խաղալ իրենց սեփական պաշտպանության գործում, եթե ունենան բավարար իրազեկվածություն և գիտելիքներ բարեկեցության և պաշտպանության մասին, սակայն պետք է հիշել, որ ճգնաժամային իրավիճակներում երեխաներն առավել խոցելի են։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ 2023թ. դեկտեմբերի 1-ից իրականացվում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում են հետևյալ գործողությունները․
- ✦ 6-18 տարեկան սովորողների հոգեսոցիալական տոկունության գնահատման գործիքի մշակում,
- ✦ ՀՀ բոլոր մարզերի 632 դպրոցների՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 6-18 տարեկան երեխաների հոգեսոցիալական տոկունության գնահատում,
- ✦ «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկի մշակում հոգեբանների և ուսուցիչների համար,
- ✦ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով վերապատրաստման դասընթացների իրականացում հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների և ուսուցիչների համար,
- ✦ Շուրջ 1500 ուսուցիչ կաշխատի սովորողների հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից՝ «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկի վրա հիմնվելով:
- ✦ Կլոր սեղանի կազմակերպում ԿԳՄՍՆ-ի, տարածաշրջանային ու ազգային կառավարման մարմինների ներկայացուցիչների, տեղական և միջազգային ՀԿ-ների հետ՝ ներկայացնելու Հայաստանի ողջ տարածքում իրականացված ծրագրի արդյունքները։