2024 թվականի մայիսի 14-ից հունիսի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվեցին վերապատրաստման դասընթացներ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թեմայով։
Դասընթացների նպատակն էր նպաստել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը՝ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում հոգեբանների և ուսուցիչների գիտելիքների հարստացման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և արդիականացման միջոցով։
Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվել է 22 դասընթաց, որոնց մասնակցել են հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 690 հոգեբաններ: Նրանք, որպես վերապատրաստող մասնագետներ, հունիս, օգոստոս ամիսներին նույն թեմայով վերապատրաստումներ կիրականացնեն այն դպրոցներում, որտեղ աշխատում են։ Արդյունքում վերապատրաստված ուսուցիչները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորողների հետ կաշխատեն մոդուլային ուսումնական ծրագրով։
Դասընթացներն անցկացվել են առկա ձևաչափով՝ համալրելով մասնակիցների գիտելիքները հետևյալ ենթաթեմաների շուրջ.
- ✦ Երեխաների տոկունության ծրագիր. հոգեբանական աջակցություն դպրոցներում
- ✦ Ինքնորոշում
- ✦ Սոցիալ-հուզական զարգացում
- ✦ Հույզերի և զգացմունքների կառավարում
- ✦ Փոխհարաբերություններ և հաղորդակցում
- ✦ Դպրոցը որպես սոցիալ-հուզական միջավայր
- ✦ Խմբային և անհատական միջամտության տեխնիկաներ տրավմատիկ փորձառություն ունեցող սովորողների հետ։
Դասընթացների ժամանակ կիրառվող նյութերը հիմնված էին ինտերակտիվ, գործնական մոտեցմամբ համընդհանուր հենքի վրա, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ձեռք բերել նոր գիտելիքներ, գործնականում կիրառել սովորածը, փորձարկել նոր մոտեցումները, ապահով միջավայրում արձագանքել գործընկերներին ու դասընթացավարներին և հետադարձ կապ ստանալ նրանցից։
Դպրոցական կրթության շրջանը կարևոր փուլ է հոգեսոցիալական բարեկեցության ապահովման հիմնարար կարողությունների զարգացման համար:
13.06.2024