2024թ․ մայիսի 14-15-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկեց «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թեմայով վերապատրաստման դասընթացների շարքը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։
Դասընթացի նպատակն է նպաստել երեխաների արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանը և նրանց հոգեսոցիալական տոկունության ամրապնդմանը։
Դասընթացին մասնակցում էին Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների դպրոցների հոգեբանները։
Դասընթացը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, նրանց հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման արդյունքներով մշակված մոդուլի հիման վրա, որն օգտակար ռեսուրս կարող է լինել դպրոցների ուսուցիչների և հոգեբանների համար՝ օգնելու սովորողներին սեփական հույզերը, վարքը և փորձը կառավարելու ռազմավարություններ ու հմտություններ ձեռք բերել, աջակցելու տոկունության բարձրացմանն ու միջանձնային հմտությունների ձեռքբերմանը, զարգացնել դրական հուզական և մտավոր բարեկեցությունը։
Վերապատրաստման մասնակիցներն իրենց մասնագիտական հմտությունները համալրեցին՝ իրազեկվելով հետևյալ թեմաների մասին․
- ✦ Երեխաների տոկունության ծրագիր. հոգեբանական աջակցություն դպրոցներում
- ✦ Ինքնորոշում
- ✦ Սոցիալ-հուզական զարգացում
- ✦ Հույզերի և զգացմունքների կառավարում
- ✦ Փոխհարաբերություններ և հաղորդակցում
- ✦ Դպրոցը որպես սոցիալ-հուզական միջավայր
- ✦ Խմբային և անհատական միջամտության տեխնիկաներ տրավմատիկ փորձառություն ունեցող սովորողների հետ։
Վերապատրաստված հոգեբանները նույն մոդուլային դասընթացը կկազմակերպեն իրենց դպրոցներում, ինչի արդյունքում վերապատրաստված ուսուցիչները նոր ուսումնական տարում սովորողների հետ կսկսեն աշխատել մոդուլային ուսումնական ծրագրով՝ նկատի ունենալով այն, որ հոգեկան առողջությունը երեխայի ընդհանուր առողջության և հոգեսոցիալական բարեկեցության անբաժանելի բաղադրիչն է և ուղղակիորեն ազդում է նրա ակադեմիական, սոցիալական և տնտեսական արդյունքների վրա ողջ կյանքի ընթացքում։
17.05.2024