ՀԱՅԿՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆ
ԿԳՄՍ նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ, կրթության փորձագետ
Աշխատելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում՝ Հայկուհին մասնակցել է տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ իրականացվող բազմաթիվ ծրագրերի, որոնք միտված են աջակցող մասնագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, բոլոր սովորողների համար հասանելի և մատչելի կրթական միջավայրի ստեղծմանը։ Ունի դասվարի և հոգեբանի որակավորում, ինչպես նաև երեխաների հետ աշխատելու ավելի քան 15 տարվա փորձ, ներառական կրթության զարգացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է։
EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովին Հ. Ադամյանը ներկայանում է «ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ և ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ» թեմայով։
Կարևոր է, որ յուրաքանչյուր սովորողի համար ապահովվեն ուսումնառության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորություններ և մատչելիություն։ Ներառական կրթական միջավայրի ձևավորման ամենակարևոր սկզբունքներից մեկը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր երեխայի համար հասանելի և մատչելի պետք է լինի իր համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը: Դպրոցների ֆիզիկական մատչելիության նախագծումը և բարելավումը, ուսումնական միջավայրային հասանելիությունը ներառական կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ փոփոխությունների մի մասն է: