Գիտելիք ձեռք բերելու գործընթացում կարևորագույն դերակատարումը ուսուցչինն է։ Սրանում մեկ անգամ ևս համոզվեցինք Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոցի VII դասարանում «Քիմիա» առարկայից «Քիմիական կապ» ամփոփիչ թեմայով բաց դասի մասնակիցը լինելով։
Դասը կազմակերպված էր «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի վերապատրաստումների շրջանակում:
Փորձառու, հմուտ և ստեղծագործ ուսուցչուհի, ուսումնական գծով փոխտնօրեն Կ.Մանուկյանը դասը կառուցել էր տարբեր մեթոդներ (ՈՒՀՁ, 5 քայլով դասի պլանավորում) և հնարներ կիրառելով: Դասաժամը ճիշտ պլանավորելու հմտությամբ, ուսուցչուհին կարողացավ քիմիան նոր ուսումնասիրող աշակերտներին յուրահատուկ ձևով ներկայացնել առարկան և հետաքրքրություն արթնացնել դրա նկատմամբ։ Միաժամանակ՝ նրա անմնացորդ նվիրումով աշխատանքը, կարծես թե՝ «վարպետության դաս» էր կրտսեր գործընկերների ու սակավափորձ ուսուցչուհիների համար։