Հրատարակություններ

Հրատարակություններ 2023

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՈւՂԵՑՈւՅՑ-ՁԵՌՆԱՐԿ

Սույն ձեռնարկում ներկայացված են աջակցող տեխնոլոգիաներ (այսուհետ՝ ԱՏ), որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում՝ այս երեխաներին ընձեռելով կրթական միջավայրում և, առհասարակ, հասարակական կյանքում առավել անկախ լինելու, տարբեր գործընթացներում մասնակցություն ունենալու առավել մեծ հնարավորություններ։ Ձեռնարկը կարող է օգտակար լինել շահագրգիռ բոլոր կողմերի՝ թե' ուսուցիչների, ուսուցչի օգնականների, ուսումնական հաստատությունների վարչական աշխատակիցների և թե' Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ` ԿԱՊԿ) ունեցող անձանց ու նրանց ծնողների համար։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Սույն ուղեցույցը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են դպրոցներում և ովքեր մոտիվացված են իրենց դպրոցներն ավելի ներառական դարձնելու համար: Այս գործառույթն առաջին հերթին վերապահված է տնօրեններին, սակայն ուղեցույցն օգտակար կլինի նաև ուսուցիչների, դպրոցի վարչական անձնակազմի կամ դպրոցում աշխատող այլ մասնագետների համար: Ուղեցույցում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն դպրոցի ֆիզիկական ենթակառուցվածքների, գույքի, կահավորման, սարքավորումների մատչելիության և խելամիտ հարմարեցումների վերաբերյալ, և առհասարակ, ամեն ինչ այն մասին, թե ինչպես կարելի է սկսել, իրականացնել և գնահատել դպրոցի զարգացման գործընթացը դեպի ներառականություն: Այն կօգնի և կնպաստի ներառման ինդեքսի իրագործմանը` դպրոցների ֆիզիկական միջավայրը համապատասխանեցնելով ներառական կրթության ապահովման պահանջներին։ Այս ուղեցույցը «Մատչելի կրթական միջավայր» ձեռնարկների շարքի առաջին մասն է:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՁԵՌՆԱՐԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սույն ձեռնարկում մանրամասն ներկայացված են յուրաքանչյուր մասնագետի գործառույթներից բխող աշխատանքների նկարագրությունն ու ուղղվածությունը, գործունեության հիմնական էթիկական սկզբունքները, տարեկան ծրագրերի նմուշօրինակներ:

ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ
Մեթոդական ձեռնարկ մանկավարժների համար

Ձեռնարկը կառուցված է այնպես, որ հավասարապես կիրառելի լինի ինչպես ծրագրում ներգրավված, այնպես էլ չմասնակցած ուսուցիչների և ուսուցչի օգնականների համար՝ նրանց ուղեկցելով ներառական դասավանդման կարողությունների արդյունավետ զարգացման ճանապարհին: Ձեռնարկի կիրառությունն էականորեն կանդրադառնա հատկապես դասապրոցեսի ընթացքում բոլոր սովորողների լիարժեք և խելամիտ ներգրավման վրա և, հետամուտ լինելով համընդհանուր ներառականության հիմնարար սկզբունքներից մեկին, կնպաստի բոլոր սովորողների կրթության որակի բարելավմանը։

«Մայրենի 1» այբբենական շրջան
Աշխատանքային գիրք-տետր

«Մայրենի 1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրը հասցեագրված է առաջին դասարանում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին և նպատակաուղղված է գրաճանաչության այբբենական շրջանի դժվարությունները հետաքրքրաշարժ ու մատչելի առաջադրանքների կատարման միջոցով հաղթահարելուն: Այն կարող է օգտակար լինել նաև այն երեխաներին, որոնք այս կամ այն պատճառով ձեռք չեն բերել կարդալու և գրելու կարողություններ:

«Մայրենի 1» այբբենական շրջան
Աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

«Մայրենի 1» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը նախատեսված է մայրենի լեզվի ուսուցիչների համար։ Ուղեցույցը մեթոդական աջակցություն է ուսուցիչներին հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի «Մայրենի-1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում:

«Մաթեմատիկա» թվային շրջան
Աշխատանքային գիրք-տետր

Աշխատանքային գիրք-տետրը նախատեսված է երեխաների ինքնուրույն աշխատանքի կազմակերպման համար՝ նպաստելով նրանց ճանաչողական գործունեության զարգացմանը: Այն մաթեմատիկայի հետագա ուսուցման նախապատրաստման նպատակ է հետապնդում՝ շեշտադրելով սովորողների ինքնուրույնության հնարավորությունը: Այս ձեռնարկը ևս կառուցված է «հետաքրիր և բոլորին հասանելի» սկզբունքով։

«Մաթեմատիկա 1» թվային շրջան
Աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

Սույն ուղեցույցի նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի «Մաթեմատիկա 1» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում ուսուցիչներին մեթոդական աջակցության տրամադրումն է:

«Կերպարվեստ 1»
Աշխատանքային գիրք-տետր

Կերպարվեստ առարկայի աշխատանքային գիրքտետրի մշակման գործընթացում հաշվի են առնվել սովորողների գիտելիքների և կարողությունների ձևավորման ժամանակակից մոտեցումները, որոնց հիմքում ընկած է ոչ միայն ուսուցման շտկող-զարգացնող սկզբունքը, այլև հենց կերպարվեստի զարգացնող հնարավորությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Հաշվի առնելով սովորողի ուսումնառության տվյալ փուլը, երբ երեխան դեռ կարդալ և գրել չգիտի, աշխատանքային գիրք-տետրում կիրառվել են պայմանական նշաններ և օրինակներ, որոնք կօգնեն նրան ըմբռնել առաջադրանքի բովանդակությունը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առաջադրանքների բովանդակությունը սովորողին հասանելի կդարձնեն մանկավարժը, ուսուցչի օգնականը կամ ծնողը։

«Կերպարվեստ 1»
Աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

Սույն մեթոդական ուղեցույցը նպատակ ունի աջակցել ուսուցիչներին հարմարեցնել և փոփոխել «Կերպարվեստ» առարկայի 1-ին դասարանի ուսումնական ծրագիրն այնպես, որ դասարանում սովորող բոլոր երեխաները մասնակցություն ունենան դասապրոցեսին և կարողանան առաջընթաց գրանցել, ընդհանրացնել և ամրապնդել այլ առարկաներից ձեռք բերած գիտելիքները:

«Տեխնոլոգիա 1»
Աշխատանքային գիրք-տետր

Տեխնոլոգիայի աշխատանքային գիրք-տետրի նպատակն է աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին` յուրացնելու առաջին դասարանի առարկայական դասընթացը: Այն մշակված է՝ հիմք ընդունելով «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչը, ծրագիրն ու դասագիրքը: Աշխատանքային գիրք-տետրը ներառում է առաջադրանքներ, որոնք նախատեսում են տարբեր նյութերի հետ աշխատանքներ: Մեծ տեղ է հատկացված սովորողների ինքնուրույնության և ստեղծագործական ունակությունների, ինչպես նաև՝ գործնական աշխատանքների իրականացման խթանմանը: Տեխնոլոգիայի աշխատանքային գիրք-տետրը բաղկացած է առաջադրանքներից և հավելվածից։ Վերջինս ներառում է մկրատով աշխատելու և ինքնակպչուն պատկերներով առաջադրանքների կատարման համար նախատեսված բաժինը։ Յուրաքանչյուր առաջադրանքին կից ներկայացված են պայմանական նշաններ, որոնք կուղղորդեն սովորողին ինքնուրույն ըմբռնել տվյալ պահանջը: Միաժամանակ հարկ է նշել, որ, հաշվի առնելով սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները, առաջադրանքների բովանդակությունը պետք է պարզաբանվի մանկավարժի, ուսուցչի օգնականի կամ ծնողի կողմից:

«Տեխնոլոգիա 1»
Աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

Սույն մեթոդական ուղեցույցը նպատակ ունի աջակցել ուսուցիչներին հարմարեցնել և փոփոխել «Տեխնոլոգիա» առարկայի 1-ին դասարանի ուսումնական ծրագիրն այնպես, որ դասարանում սովորող բոլոր երեխաները մասնակցություն ունենան դասապրոցեսին և կարողանան առաջընթաց գրանցել, ընդհանրացնել և ամրապնդել այլ առարկաներից ձեռք բերած գիտելիքները:

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հիմնվելով վերոնշյալ գործառույթների վրա և նպատակ ունենալով բարձրացնել ՄՀ ծառայությունների արդյունավետությունն ու ապահովել ծառայությունների տրամադրման միասնականությունը՝ ՀՄԿ-ն մշակել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների կազմակերպման ուղեցույց, որը կօգնի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնել և ապահովել միասնական գործելաոճ ու ընթացակարգեր։ Սույն ուղեցույցում ներկայացված են ոչ միայն ՏՄԱԿ-ի կառուցվածքն ու գործառույթները, այլև հարուստ հավելված, որտեղ տրված են ՏՄԱԿ-ի գործունեության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները։

Հրատարակություններ 2022

Արդյունավետ հարմարեցումներ
Որակյալ կրթություն
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ մանկավարժների համար

Սույն ձեռնարկը կառուցված է վերաբերմունքի՝ որպես ներառականության գրավականի, սոցիալական ու ֆիզիկական միջավայրերի հարմարեցման և ուսուցման մեթոդների ու հնարների հիմնահարցերի ներկայացման հիման վրա: Ներկայացված մեթոդներին ու հնարներին կից, որքան էլ որ դրանց քաջածանոթ են մեր մանկավարժները, տրվում են կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող սովորողների արդյունավետ ուսումնառությունն ու մասնակցությունը խթանող մեթոդական ցուցումներ՝ հարմարեցումների և այլընտրանքային տարրերի նկարագրությամբ: Ձեռնարկի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսուցիչներին, ուսուցչի օգնականներին և կրթական ոլորտում աշխատող այլ մասնագետներին մասնակից լինել համընդհանուր ներառականության գաղափարի ներդրմանը և ինքնուրույն կարողանալ ապահովել անհրաժեշտ հարմարեցումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կարողություններն ու կրթական կարիքը:

ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿ
Մեթոդական ուղեցույց
Ուսուցչի օգնականների համար

Սույն ձեռնարկն ուղղված է ուսուցչի օգնականի պարտականությունների և անելիքների հստակեցմանը, ինչպես նաև՝ ուսուցիչների հետ համագործակցության ձևերի նկարագրությանը։
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից։
Առաջին մասում ներկայացվում են ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելները` նրա առջև դրված պահանջները և պարտականություններն ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունում:
Երկրորդ մասում ներկայացվում է ուսուցչի օգնականի գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների ուղղությունները` որպես հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի:
Երրորդ մասում ներկայացվում է ուսուցչի օգնականի և կրթական գործընթացին մասնակից բոլոր օղակների միջև համագործակցության կարևորությունը, համատեղ իրականացվող աշխատանքները, որոնք միտված են ուսուցման գործընթացի արդյունավետ իրականացմանը:

Ինչպես խթանել ներառումը դասարանում
Մեթոդական ուղեցույց ուսուցիչների համար

Ձեռնարկը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասում ներկայացվում են ներառական կրթության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները։ Դրանք ներկայացվում են իրավական ակտերի, ուսուցիչների, ծնողների և կրթության մասնագետների դիտանկյունից։ Երկրորդ մասում ներկայացվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության և զարգացման առանձնահատկությունները, արդյունավետ ռազմավարությունները, մեթոդները, հնարները, հարմարեցումները, որոնք կարող են կիրառվել հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Երրորդ մասում ներկայացվում են ուսուցիչ-ծնող-մասնագետ արդյունավետ համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, կրթական գործընթացի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։ Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, կրթության մասնագետների և կրթության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:

Հրատարակություններ 2021

«ՄԱՅՐԵՆԻ 1» ԵՎ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 1» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐԻ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի մայրենիի և մաթեմատիկայի աշխատանքային գիրք-տետրերի մշակման գործընթացում հաշվի են առնվել սովորողների գիտելիքների և կարողությունների ձևավորման ժամանակակից մոտեցումները, որոնց հիմքում ընկած է ուսուցման շտկող-զարգացնող ուղղվածության սկզբունքը:
Ուսուցչի սույն մեթոդական ուղեցույցում ներկայացված թեմաները և ընդգրկված առաջադրանքների մեթոդական մշակումները խարսխվում են նշված սկզբունքի վրա:

ՆԵՐԱՌՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԽԱՂԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ մանկավարժների համար

Ձեռնարկը նախատեսված է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Այն նախորդ՝ «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է, որն այս անգամ ներկայացված է գործնական աշխատանքների՝ խաղերի և վարժությունների համակարգված ամբողջությամբ: Ձեռնարկում ներառված են սոցիալ-մշակութային տարբեր խմբերի, խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների տարիքային առանձնահատկություններին համապատասխան խաղերի և վարժությունների նկարագրեր՝ հստակ սահմանված նպատակներով, անհրաժեշտ նյութերով, ինչպես նաև՝ մեթոդական ցուցումներով:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
Հանրակրթական ուսուﬓական հաստատությունների առաջին դասարանի սովորողների համար

Սույն աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին «Մաթեմատիկա» առարկայի նախաթվային շրջանի ուսումնառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսումնական նյութերի տրամադրումն է:

ՄԱՅՐԵՆԻ 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
Հանրակրթական ուսուﬓական հաստատությունների առաջին դասարանի սովորողների համար

Սույն աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսումնկան հաստատությունների առաջին դասարանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին «Մայրենի» առարկայի նախաայբբենական շրջանի ուսումնառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսումնական նյութերի տրամադրումն է:

Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում
Խորհուրդներ ուսուցիչներին
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, պայմանավորված ՔՈՎԻԴ-19 համավարակով, դարձավ դարի մարտահրավեր, որը հնարավորություն տվեց ձևավորելու և զարգացնելու ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության գործընթացին մասնակից լինելու արժեքավոր կարողություններ ու հմտություններ:
Հեռավար կրթության հմտությունները հնարավորություն կտան հետագայում էլ հաղթահարելու տարբեր պատճառներով կրթության շարունակականության հետ կապված խնդիրները:
Սի­րե­լի՛ ու­սու­ցիչ, հետևե­լով սույն ձեռնարկում ներ­կա­յաց­ված խոր­հուրդ­նե­րին, կարող եք կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը` ապահովելով դրա շարունակականությունը:

Ինչպես խթանել երեխայի ներառումը հեռավար ուսուցման մեջ
Խորհուրդներ ծնողներին
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Սույն ձեռնարկը մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը ՔՈ­ՎԻԴ-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջա­նակ­նե­րում և ուղղ­ված է տան պայմաններում ի­րենց ե­րե­խա­նե­րի կրթութ­յանն ա­ջակ­ցող բո­լոր ծնող­նե­րին, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին: Ձեռնարկում մատչելի լեզվով ներկայացված է, թե ինչ պայմաններ կարող են ստեղծել ծնողները, որպեսզի խթանեն իրենց երեխաների նե­րա­ռու­մը հեռա­վար ձևա­չա­փով կազմակերպ­ված դա­սե­րին և պարապմունքներին: Ձեռնարկի հիմնարար հատվածը վերաբերվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախապատրաստմանը հեռավար ուսուցման, ինչպես նաև այդ պայման­նե­րում նրանց հոգեկան առողջության և հու­զա­կան կայունութ­յան պահ­պան­մա­նը: Ձեռնարկի բոլոր բաժինները հագեցած են բազմաթիվ հուշումներով և գործ­նա­կան առաջարկներով, ներառում են ինչպես տե­սա­կան տեղեկություններ, այնպես էլ կիրառական խորհուրդներ:

Հրատարակություններ 2020

Ինչպես կարգավորել Երեխայի վարքը՝ չանտեսելով նրա առանձնահատկությունները
Մեթոդական ձեռնարկ ծնողների համար

Սույն ձեռնարկում քննարկվում են երեխայի վարքում հաճախ ծագող որոշ խնդիրների առաջացման հնարավոր պատճառներն ու դրանց հաղթահարման հնարավոր եղանակները: Ներկայացված են նաև խաղեր, որոնք կօգնեն Ձեզ հոգեբանորեն անվնաս և արդյունավետ ձևով շտկել երեխայի վարքում առկա խնդիրները: Մեթոդական ձեռնարկը հասցեագրված է ծնողներին և բոլոր նրանց, ում համար կարևոր է երեխայի ներդաշնակ զարգացումը:

Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ձեռնարկ մանկավարժների համար

Սույն ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար:
Ձեռնարկի առաջին մասում ներկայացված են ներառական կրթության արդյունավետ իրականացման հիմնական մոտեցումները, մանկավարժահոգեբանական եռամակարդակ աջակցության տրամադրման մեխանիզմները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հիմնական գործընթացները:
Ձեռնարկի երկրորդ մասում ներառված են խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների կրթության կազմակերպման ռազմավարությունները: Այս մասում Դուք կծանոթանաք տարիքային զարգացման սանդղակով ներկայացված ցուցիչների համակարգին: Յուրաքանչյուր խանգարման համար տրված ուսումնական, մասնագիտական և միջավայրային ցուցումները կուղղորդեն առավել արդյունավետ կազմակերպել նախադպրոցականների կրթական գործընթացը:
Ձեռնարկում ներկայացված են նաև առանձին դեպքերի նկարագրություններ, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել Ձեր գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները և իրականացնել համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուր ենթաբաժնից հետո տրված է գրականության ցանկ, որի միջոցով կարող եք հավելյալ տեղեկատվություն ստանալ և առավել զարգացնել Ձեր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Հրատարակություններ 2019

Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (3)
Մեթոդական ուղեցույց

Սույն ձեռնարկում ներկայացված են արվեստի միջոցով իրականացվող աջակցության ուղղությունների շրջանակներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հոգեկան զարգացման գործընթացն ապահովող աջակցության մեթոդներ և ձևեր, տեսական և գործնական աշխատանքներ: Ներկայացված յուրաքանչյուր ուղղությանը կից տրամադրված գործնական աշխատանքները ներառում են զարգացնող բնույթի վարժություններ, անհատական և խմբային պարապմունքների ձևանմուշներ, խաղեր, հեքիաթներ և այլն:
Ձեռնարկի առաջին մասում ներկայացված է արվեստի միջոցով իրականացվող աջակցության ամենատարբեր ուղղությունների մասին հակիրճ տեղեկատվություն՝ համապատասխան գործնական մի քանի վարժություններով, իսկ երկրորդ մասում առավել մանրամասն տրված է ավազով աշխատանքի, հեքիաթի, երաժշտության, պարային արվեստի տեսագործնական նյութի առավել ընդգրկուն և գործնական առաջադրանքներով հագեցած փաթեթ:
Ձեռնարկը նախատեսված է մանկավարժահոգեբանական աջակցություն մատուցող մասնագետների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների, ինչպես նաև՝ ՆՈՒՀ-երի մասնագետների համար:

Հրատարակություններ 2018

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Ձեռնարկը նախատեսված է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը: Ձեռնարկը մշակվել է ՀՄԿ մասնագետների կողմից և տպագրվել ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը տարածքային մակարդակում
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ

Ձեռնարկը նախատեսված է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը: Ձեռնարկը մշակվել է ՀՄԿ մասնագետների կողմից և տպագրվել ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (2)
Մեթոդական ուղեցույց
Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ
Ձեռնարկ հոգեբանների համար

ՀՄԿ Աջակցության ծառայությունների բովանդակության մշակման բաժնի մասնագետների կողմից մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ» (2) մեթոդական ուղեցույցը: Սույն ձեռնարկում ներկայացված են երեխայի աուտիստիկ սպեկտորի խանգարումների ընդհանուր բնութագիրն ու էությունը, դրսևորման ոլորտները, հոգեախտորոշման հիմնական փուլերը, վաղ մանկական տարիքից մինչև կրտսեր դպրոցական տարիքը դրսևորվող աուտիզմի հիմնական ցուցիչները: Ներկայացված են նաև հոգեբանական աջակցության սկզբունքներն ու առանձնահատկությունները, հոգեբանական աշխատանքների ընթացքում կիրառվող տեխնիկաները, մոտեցումներն ու հնարները: Կարևորվել են նաև աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարման հիմնախնդիրները:
Ձեռնարկը նախատեսված է ներառական կրթական հաստատությունների տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների և հատուկ հոգեբանների համար: Այն օգտակար կարող է լինել նաև ԲՈՒՀ-երում հոգեբանական կրթություն ստացող ուսանողների ինչպես նաև՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների համար:

Հրատարակություններ 2017

Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (1)
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ հոգեբանների համար

ՀՄԿ Աջակցության ծառայությունների բովանդակության մշակման բաժնի մասնագետների կողմից մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ» մեթոդական ուղեցույցը: Սույն ձեռնարկում ներկայացված են երեխայի հոգեկան զարգացման, հուզակամային, շփման և հաղորդակցման, վարքային խնդիրների դեպքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող հոգեբանական աջակցության սկզբունքները, նրանց բնորոշ առանձնահատկությունները, աշխատանքային ոլորտները, տեխնիկաներն ու հնարները: Արտացոլված է նաև խնդրի աստիճանի և աջակցության փոխպայմանավորվածությունը, աջակցման անհատական մոտեցումը: Ձեռնարկն ուղղված է ներառական կրթական հաստատությունների հոգեբաններին և նպատակ է հետապնդում զարգացնել նրանց գործնական հմտությունները՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելիս:

Զարգացման խանգարումներ եվ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցությունը

Ձեռնարկում քննարկվող բոլոր մոտեցումները հիմնված են մասնագիտական բազմամյա պրակտիկայի վրա`միաժամանակ ունենալով գիտական-տեսական հիմնավորում:
Առավել նշանակալի է ձեռնարկում վեր հանված մասնագետների կողմից թույլ տրվող այնքան կարևոր մասնագիտական բացթողումներ, ինչպես օրինակ` ծնողի հետ աշխատանքում առաջ եկող վրիպումների և մասնագիտական էթիկական առանձնահատկությունների դիտարկումն է կամ մասնագիտական աշխատանքի նախնական փուլում զարգացման և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ փոխվստահության ձևավորումը:
Ձեռնարկի մեկ այլ շատ էական առավելությունն է առաջին հանդիպման և այլ դեպքերում ի հայտ եկող խնդրահարույց վարքային դրսևորումների անդրադարձը, դրանց մասնագիտական, սակայն միևնույն ժամանակ պարզ և հանրամատչելի վերլուծությունը և մասնագիտական լուծումների մոտեցումները:
Հատկանշական են նաև ձեռնարկում առկա մասնագիտական գործիքները` հետազոտման քարտի լրացման ձևաթուղթը, «CARS» ախտորոշման սանդղակի հայերեն թարգմանված տարբերակը, որն անգնահատելի աջակցություն է տվյալ ոլորտում աշխատող ցանկացած մասնագետի համար:
Ձեռնարկը հրաշալի գործնական ուղեցույց կհանդիսանա յուրաքանչյուր զարգացման և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետի համար:

Մանկավարժահոգեբանական գնահատման եվ աջակցության գործընթացների կազմակերպումը աջակցության կենտրոններում
Մեթոդական ուղեցույց

Սույն ձեռնարկի նպատակը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է: Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք:
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից:
Առաջին մասում տրված են ընդհանուր ցուցումներ երեխայի մանկավարժահոգեբանական հետազոտություն իրականացնելու վերաբերյալ:
Երկրորդ մասում ներկայացված են մանկավարժահոգեբանական հետազոտության ընթացքում կիրառվող գործնական նյութեր և մեթոդիկաներ:
Երրորդ մասը պարունակում է մասնագիտական գնահատման և աջակցության տրամադրման համար անհրաժեշտ առաջարկվող փաստաթղթային փաթեթ, որը թույլ կտա գնահատման արդյունքների հիման վրա հեշտությամբ մշակել երեխայի հատուկ կարիքներին համապատասխան անհատական զարգացման ծրագիր:

Ծնողավարության ձեռնարկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքների համար

Սույն ձեռնարկում ներկայացված են նաև ծնող-մասնագետ փոխհարաբերություններում առկա խնդիրներն ու վերջինիս հաղթահարման ուղիները, քանի որ ծնողավարությունն իր մեջ ներառում է ինչպես աշխատանք ծնողների հետ՝ պայմանավորված երեխայի դժվարություններով, այնպես էլ գործընթաց՝ ուղղված ծնողների հետ փոխվստահության, փոխհամագործակցության մթնոլորտի ստեղծմանը։
Այն նախատեսված է նախադպրոցական, կրտսեր և ավագ դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների հետ աշխատող մասնագետների համար: Այն ուղեցույց է մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև սոցիալական հոգածություն և ներառական կրթություն իրականացնող հաստատությունների մասնագետների համար: Ձեռնարկում զետեղված տեղեկատվությունը կարելի է կիրառել ինչպես խմբային, այնպես էլ անհատական աշխատանքներ իրականացնելիս:
Այստեղ ներկայացված են նաև մասնագիտական փորձի հիման վրա մշակված տարատեսակ վարժություններ, մեթոդներ, հնարներ, հարցարաններ, որոնք թույլ կտան հոգեբաններին կազմակերպել լիարժեք, արդյունավետ աջակցություն, ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների հետ: Շեշտադրվում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքների կազմակերպումը, քանի որ այս խնդիրը հասարակության շրջանում դեռևս մնում է թիրախային:

Skip to content