2022թ-ի օգոստոսի 22-25-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022), որին մասնակցելու են ավելի քան 1500 պատվիրակներ՝ 54 երկրներից:
ECER2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:
Այս տարի Երևանի պետական համալսարանում են կենտրոնացվելու աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտությունների արդյունքները, որոնք կներկայացվեն և կքննարկվեն ինչպես կրթության ոլորտի աշխարհահռչակ հետազոտողների, այնպես էլ երիտասարդ ու սկսնակ հետազոտողների կողմից:
Բացման արարողությանը ելույթներով հանդես կգան EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ECER2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, համաժողովի կոորդինատոր և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը:
Համաժողովին մասնակցություն են ունենալու հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը նույնպես ելույթ կունենա համաժողովում՝ ներկայացնելով Հայաստանում ներառական կրթության ձեքբերումներն ու մարտահրավերները:
Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են աշխատաժողովներ 40 բաժանմունքներում, պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնություններ:
Սկզբնաղբյուր՝ EERA ‘European Educational Research Association’