«Արենը հմայիչ, չարաճճի աչքերով, խելացի, շատ անմիջական, անկաշկանդ հաղորդակցվող տղա է»,- այսպես է նրան բնութագրում ուսուցիչը՝ ընկեր Գոհարը։
Արենը սովորում է ութերորդ դասարանում։ Նա ունի գերզգայունություն աղմուկի, բարձր ձայների և հպման հանդեպ, դժվարությամբ է կենտրոնացնում ուշադրությունը և հեշտությամբ շեղվում է։ Սակայն ուսուցչի ճիշտ և հետևողական մոտեցման, միջավայրային ճիշտ հարմարեցումների արդյունքում հաջողվում է հաղթահարել խնդիրները, բացահայտել Արենի նախասիրություններն ու հետաքրքրությունները և դրանք ուղղորդել կրթական գործընթացում։
Այս տեսաֆիլմի հիմքում ևս Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված «Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույցում տեղ գտած հաջողված պատմություններն են, որոնք միտված են օգնելու ուսումնական գործընթացում ընդգրկված բոլոր մասնակիցներին բացահայտել ներառման ոսկե կանոնները։
Հիշեցնենք, որ ֆիլմը ստեղծվել է «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Իմ իրավունքը․ ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում։ Նախաձեռնությունը միտված է յուրաքանչյուր երեխայի կրթության հիմնարար իրավունքի իրացմանը։