ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում մարտի 27-28-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների լսողական ընկալման գնահատումը» թեմայով երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին ՀՄԿ և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հատուկ մանկավարժները, լոգոպեդները։
Դասընթացի բանախոսն էր մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։ Մասնակիցները ծանոթացան լսողության խանգարում ունեցող երեխաների լսողական ընկալման գնահատման, լսողության հետազոտության և շտկման ոլորտում կիրառվող տարբեր միջոցների (այդ թվում և խոսքային), լսողության խանգարումների վաղ ախտորոշման և միջամտության առանձնահատկություններին։ Բանախոսն անդրադարձավ նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը ներառական կրթության համապատկերում։
Դասընթացի երկրորդ մասում մասնակիցները գործնական հմտություններով ամրապնդեցին ձեռք բերած գիտելիքները։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց խոսքի զարգացման վրա ազդող գործոններին՝ խոսքի և լսողության փոխադարձ կապն ի նկատի ունենալով։ Գործնական մասն իրականացվեց խմբային քննարկումներով, հետաքրքիր վարժություններով, ակտիվ հարցուպատասխանով։