ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, որի նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման գործակալության, հանրակրթության, արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության վարչությունների և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագծի մշակման գործընթացում ներգրավված միջազգային կառույցների փորձագետներ:
Ներկայացվող նախագծի նախնական տարբերակը քննարկվել է թիրախային տարբեր խմբերի, այդ թվում՝ ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների, ոլորտի փորձագետների, սոցիալական գործընկերների, պետական այլ գերատեսչությունների մասնակցությամբ: Քննարկումներ են նախատեսվում նաև գործատուների հետ:
Ըստ փոխնախարարի` նախագծի նոր կարգավորումները մեծացնում են նաև մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ներառականությունը, որն այս ոլորտում դեռևս լուրջ խնդիր է:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ