Սեպտեմբերի 5-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ STRiDEM «Խթանելով զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ներառումը՝ մայրիկների հզորացման միջոցով» ծրագրի շահագրգիռ կողմերի հանդիպումը:
Ծրագրի նպատակն է ստեղծել տարածաշրջանային ցանց՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների միջև: Նպատակներից է նաև խթանել գործակցությունը՝ նպաստելով ներառական կրթության շահագրգիռ կողմերի՝ մայրիկների, ուսուցիչների, առողջապահության և սոցիալական հարցերով աշխատակիցների և քաղաքական գործիչների միջև կառուցողական հաղորդակցությանը: Այն կբարելավի հասարակության մեջ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների, նրանց մայրիկների և ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև՝ կնպաստի հասարակության իրազեկվածության բարձրացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին «Յարոու Գլոբալ Քոնսալթինգ» կազմակերպության գործադիր տնօրեն Լիլա Դոս Սանտոս Գոմեսը (Գերմանիա), «Կրթության զարգացման միջազգային համագործակցության գործակալություն» կրթական ընկերության ղեկավար, WFS Bildungs gUG կրթական ընկերության ղեկավար, Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի (ՌՄԱ) նախագահի խորհրդական, Եվրամիությունում ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ Թոմաս Հենչելը (Գերմանիա), Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, Հայկակական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պետրոսյանը, ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ, տնօրեններ, ուսանողներ։
Ծրագիրն իրականացնողներին ներկայացրեց և մասնակիցներին ողջունեց «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման» ՀԿ նախագահ Սյուզաննա Պետրոսյանը:
ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանը նշեց, որ շահագրգիռ կողմերի հետ այս հանդիպումը ծրագրի շրջանակում իրականացվող երրորդ միջոցառումն է, որի շրջանակում սերտորեն համագործակցել են գերմանացի գործընկերների հետ: Հայաստանում դեռևս անցյալ տարվանից սկսվել է նախադպրոցական ներառական կրթության համընդհանուր համակարգի ներդրման գործընթացը, որը ենթադրում է ծնողների հետ աշխատանքի բավականին մեծ ծավալ՝ սկսած իրազեկումից: ՀՄԿ մասնագետների օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում տպագրվել են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ու նրանց ուսուցիչների/ծնողների համար նախատեսված դասագրքեր ու սոցիալական նյութեր: Տիկին Սվաջյանն ընդգծեց, որ գործակցում են նաև մարզերի ու Երևանի առողջապահական հաստատությունների և սոցիալական ծառայությունների հետ՝ հասկանալու, թե տարածքներում որքան և ինչպիսի կրթական դժվարություններ ունեցող երեխա կա, կապ են հաստատում ընտանիքների հետ և ուղղորդում դեպի կրթություն:
Այս թեմայի շրջանակներում խոսեցին նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերին ղեկավար Ալվարդ Պետրոսյանն ու Հայկակական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը:
Ներառման ոլորտի փորձառության և հաջողված փորձի վերլուծությամբ հանդես եկավ Թոմաս Հենչելը։ Նա նշեց, որ գերմանացի մասնագետները հայ մայրերի հետ աշխատում են՝ կիրառելով ներառական ոլորտի եվրոպական փորձը: VFS կազմակերպության ղեկավարի կարծիքով զարգացման առանձնահատկություններով երեխաների կրթությանն ու ներառականությանն առնչվող խնդիրները մի քանի տարում լուծվող չեն. այն երկար ժամանակ ու թիրախավորված աշխատանք է պահանջում:
Հանդիպման երկրորդ հատվածում լայն քննարկում ծավալվեց հետևյալ թեմաների շուրջ.
- ✦ Ներառական կրթության առկա մարտահրավերները,
- ✦ Առկա ռեսուրսների վերաիմաստավորում/վերանայում,
- ✦ Առկա մարտահրավերների հնարավոր լուծումները,
- ✦ Ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը մարտահրավերները հնարավոր դարձնելու համար:
Հանդիպումն ամփոփեց տիկին Լիլա Դոս Սանտոս Գոմեսը: