Սեպտեմբերի 8-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ STRiDEM «Խթանելով զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ներառումը՝ մայրիկների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գտնվող փորձագետ Թոմաս Հենչելի (Գերմանիա) հանդիպումը Կենտրոնի մասնագետների հետ։
Թոմաս Հենչելը «Կրթության զարգացման միջազգային համագործակցության գործակալություն» կրթական և WFS Bildungs gUG կրթական ընկերությունների ղեկավարն է, ինչպես նաև Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի (ՌՄԱ) նախագահի խորհրդականը և Եվրամիությունում ակադեմիայի լիազոր ներկայացուցիչը։
Փորձագետը ներկայացրեց Գերմանիայում և Ռուսաստանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների բովանդակային կառուցվածքները, մանկավարժական անձնակազմերի մեթոդական գործունեությունը, ինչպես նաև՝ ՆՈՒՀ-երում ներառական կրթության իրականացման սկզբունքները։ Թոմաս Հենչելը նշեց, որ Գերմանիայում յուրաքանչյուր երկրամաս ունի իր առանձնահատկություններին համապատասխան մշակված ծրագրեր, սակայն հիմնական միասնական մոտեցումն է՝ դիտարկել յուրաքանչյուր երեխային, հայտնաբերել նրա ուժեղ կողմերը և զարգացնել դրանք։ Նա շեշտադրեց, որ ներառական կրթական միջավայրում կարևորվում է երեխաների սոցիալական հմտությունների զարգացումը։
Հանդիպման ընթացքում ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ, մասնակիցների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։