2024թ․ հունիսի 18-ին աշխատանքային այցով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու Շիբա Հարմայը։ Այցը պայմանավորված էր ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան-ի կողմից 2026-2030թթ. համագործակցության ծրագրի փաստաթղթի նախապատրաստմամբ։ ՅՈՒՆԻՍԵՖԻ 2022-2025թթ․ ռազմավարական պլանի և 2022-2025թթ․ գենդերային գործողությունների պլանի համաձայն գենդերային հավասարությունը համարվում է կազմակերպչական առաջնահերթություն և խաչվող հիմնարար արժեք, որն առանցքային է ծրագրի աշխատանքի բոլոր հարթություններում։
Հանդիպմանը ներկա էին ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՄԿ ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթորները։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը համապարփակ ներկայացրեց գենդերային հավասարության ուղղությամբ Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներն ու գործընթացները, նշեց, որ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում ՀՄԿ մենթորների կողմից հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող վերապատրաստումներում բավական մեծ տեղ է զբաղեցնում նաև գենդերզգայուն մանկավարժության բաղադրիչը։
Այնուհետև հանդիպման մասնակիցներն անդրադարձան գենդերային հավասարության ուղղությամբ թրեյնինգների ընթացքում ՀՄԿ-ի կողմից անուղղակի կերպով իրականացվող աշխատանքներին, նշվեց, որ բովանդակային մշակումների առումով նույնպես (նկարների և գույների ընտրություն, ձեռնարկների մշակում և այլն) ՀՄԿ-ի կողմից կա հետևողականություն գենդերային համամասնության պահպանման ուղղությամբ։ Քննարկվեցին գենդերային հավասարության ապահովման, այդ թվում՝ գենդերարձագանքող մանկավարժության ուղղությամբ առկա խնդիրներն ու մշակութային, էթնոհոգեբանական մի շարք հարցեր, դիտարկվեցին դրանց լուծումների մշակման տարբեր ասպեկտները։ ՀՄԿ վերապատրաստողներն ու մենթորները անդրադարձան հիմնական բացերին, որոնք նկատելի են ուսուցիչների հետ աշխատանքներում, ներկայացրին նաև գենդերային հավասարության ուղղությամբ Հայաստանի տարածաշրջանների առանձնահատկությունները ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ կրթության ոլորտում։
19.06.2024