«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID Հայաստանի/ ֆինանսական աջակցությամբ և «Դիմոկրըսի ինթերնեյշնլ» /Democraty international/ կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ 2024թ․ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից մշակված հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող հավելվածի շնորհանդեսը։
Հավելվածի նպատակն է ապահովել սոցիալական ծառայությունների հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Միջոցառման ընթացքում հեղինակները ներկայացրին հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող հավելվածի հիմնական գործառույթները՝ շեշտադրելով նրա հնարավորություններն ու առավելությունները։ Հարցուպատասխանի միջոցով պարզաբանվեցին հավելվածից օգտվելու մանրամասները։
Հաջորդիվ տեղի ունեցավ պանելային քննարկում, որն ուղղված էր Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում տեխնոլոգիաների ունեցած դերի վերարժևորմանն ու նրանց նպատակային կիրառմանը։
Քննարկումների առանցքային թեմաներն էին․
- ✦ տեխնոլոգիական լուծումները Հայաստանում՝ ուղղված մատչելիության մարտահրավերներին
- ✦ հանրային-մասնավոր համագործակցությունը որպես նորարարության խթանում մատչելիության համատեքստում
- ✦ մատչելիության և ներառականության ապագան առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով։
Պանելային քննարկման բանախոսներից էր նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա հանգամանալիորեն անդրադարձավ համընդհանուր ներառականության արդի գործընթացներին Հայաստանի Հանրապետությունում, այդ համատեքստում ՀՄԿ-ի կողմից իրականացվող գործողություններին, խոսեց խելացի հարմարեցումների առանձնահատկությունների և արդյունավետության, մատչելիության և ներառականության ապագա գործընթացներն ուղղորդելու մեխանիզմների, հեռանկարների ու հնարավորությունների մասին։
Այնուհետև հյուրերը մասնակցեցին «Մատչելություն և ներառում» տեխնոլոգիական էքսպոյին՝ ծանոթանալով տարբեր կազմակերպությունների կողմից մշակված նորարարական լուծումներին, գործիքներին և աջակցող տեխնոլոգիաներին, նախանշելով համագործակցության հեռանկարները։
Բարձր տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը ներառական կրթության իրականացման գործընթացում ՀՄԿ-ի առաջնահերթությունների շարքում է. առաջիկայում նախատեսվում են իրազեկող արշավներ և միջոցառումներ՝ ընդլայնելու համագործակցության շրջանակները և մեկ հարթակում միավորելու ոլորտը ներկայացնող նորարարական նախագծերը։
20․12.2024