2024թ․ ապրիլի 2-ին ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամում կազմակերպվել էր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված հանդիպում Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի աուտիզմով երեխաների ծնողական խմբի նախաձեռնությամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի հանրային կապերի համակարգող Մելեա Միլիտոսյանը։
Հանդիպման ընթացքում կազմակերպված «Աուտիզմ ունեցող անձանց սպասարկում տարբեր ոլորտներում։ Միջազգային փորձի ներկայացում» թեմայով հեռուստակամուրջի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական կապ հաստատել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների աուտիզմ ունեցող երեխաների ծնողների և ոլորտի մասնագետների հետ, ծանոթանալ այդ երկրների կրթական, սոցիալական և առողջապահական կարիքների գնահատման և սպասարկման փորձին։
Տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց պետական համակարգում և առողջապահական ոլորտում աուտիզմ ունեցող անձանց սպասարկմանը, համայնքային ծառայությունների դերին, կրթության և խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնների աշխատանքներին, բժշկական կենտրոնների պետպատվերով ծառայություններին։ Խոսնակներն էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական զարգացման ծրագրերի ղեկավար Մայա Սիմոնյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ՄԻՊ գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների, առողջապահական տարբեր հաստատությունների պատասխանատու ներկայացուցիչներ։
Պանելային քննարկումների ընթացքում ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը ներկայացրեց ներառական կրթության կազմակերպման և մատչելի միջավայրի ապահովման ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները, խոսեց գնահատման նոր գործիքակազմի, համագործակցային ծրագրերի, ինչպես նաև ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող վերապատրաստումների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման բնույթի և ծավալների մասին։
Այնուհետև ծնողները անդրադարձան իրենց հուզող հարցերին և խնդիրներին՝ ներկայացնելով Հայաստանում աուտիզմ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների վերաբերյալ իրենց դիտարկումները։
Հանդիպման ավարտին տարբեր ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները պատասխանեցին ծնողների հարցերին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել շարունակական՝ ծագող և ընթացիկ բոլոր հարցերին հիմնավոր լուծում տալու նպատակով։
03.04.2024