2024թ․ ապրիլի 3-4-ը տեղի ունեցավ «ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» երկօրյա միջազգային գիտակրթական ֆորումը, որը կազմակերպվել է ՌԴ «Ա․ Ս․ Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարան»-ի կողմից Վերականգնողական մանկավարժության ինստիտուտի, Ռուսաստանի կրթական ակադեմիայի ներառական կրթության զարգացման կենտրոնի, Ա․ Ի․ Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի և Չերեպովեցկի պետական համալսարանի համագործակցությամբ։
Միջազգային ֆորումին զեկույցով հանդես եկավ նաև ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Զեկույցի թեման էր «Համընդհանուր ներառական կրթության համակարգը Հայաստանի Հանրապետությունում»։ Նա հանգամանալիորեն ներկայացրեց 2016 թ-ից ՀՀ-ում փուլային տարբերակով ներդրված համընդհանուր ներառական կրթության համակարգը, որի արդյունքում մինչև 2025 թվականն ակնկալվում է ունենալ ներառական կրթական համակարգ՝ ճկուն ուսումնական ծրագրերով և վերապատրաստված ուսուցիչներով, ովքեր կկարողանան կիրառել դասավանդման ժամանակակից միջոցներ և տեխնոլոգիաներ՝ ապահովելով մատչելի, հարմարեցված և խթանող միջավայր բոլոր սովորողների համար։
ՀՄԿ տնօրենը անդրադարձավ երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգին, որը հնարավորություն է ընձեռում կրթության առանձնահատուկ պայմանների կամ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան ուսումնական գործընթացում: Լ․Մնացականյանը խոսեց նաև կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվող աջակցության ծառայությունների հիմնական ուղղությունների մասին՝ շեշտադրելով խելամիտ հարմարեցումները, որոնք նպատակաուղղված են յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության և որակի ապահովմանը, ինչպես նաև մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից հավասար հիմունքներով օգտվելու հնարավորությանը։
08.04.2024