2023 թ․ մայիսի 31-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվեց երրորդ վեբինարը, որի թեման էր «ԻՆՉՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԲԱԶՄԱԿԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵԼ ՈՒ ՀԵՏԱԶՈՏԵԼ»։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչը։ Նա վեբինարի մասնակիցներին ներկայացրեց բազմակի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատելու տարբեր ռազմավարությունները, որոնք միտված են խրախուսելու ուսուցման ամբողջական մոտեցումը՝ հաշվի առնելով գործողության վրա հիմնված միջամտությունը, ակտիվ ուսուցման և, այսպես կոչված՝ «պարուրաձև ուսուցման» սկզբունքները: Երեխաները սովորում են, երբ իրենց տրվում է հավասարաչափ հնարավորություն զարգացման բոլոր ոլորտներում՝ շարժողական, հաղորդակցման, ճանաչողական և սոցիալական։ Բանախոսը կարևորեց նաև բազմակի խանգարումներ ունեցող երեխաների և երիտասարդների համար բովանդակալից ծրագրերի մշակումը կարողությունների, հետաքրքրությունների ու կարիքների գնահատման հիմքով։ Նա խոսեց նաև շրջապատի թիրախավորված դասավորման միջոցով երեխաների զարգանալու և սովորելու շահագրգռության անհրաժեշտության մասին՝ կարևորելով այս բաղադրիչը ուսուցման ամբողջական մոտեցման համակարգում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր կայքին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու և մասնակցության գրանցումը բաց չթողնելու համար։