2021թ․ փետրվարի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց 2020թ․ դեկտեմբերի 9-ին հայտարարված «Տարվա լավագույնները» թեմայով մրցույթի արդյունքները։
Մրցույթին կարող էին մասնակցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական աշխատողները (ուսուցիչներ, դաստիարակներ, տնօրեններ)։
Մրցույթի նպատակն է խրախուսել կրթական, առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող դաստիարակներին, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչված 33 ծրագրի 1-ին տասնյակում ընդգրկված հաղթողներից են «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի աշխատակիցներ
✦ Մելիք Մկրտչյանը («Հայ մշակույթի պատմություն» հեռավար դասընթացի ստեղծում»),
✦ Անուշ Համբարձումյանը («Աշխարհագետների գիտահետազոտական շարժում»),
✦ Ալբինե Ազատյանը («Հեքիաթն է կանչում»),
իսկ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում լավագույնների ցանկը համալրում է
✦ Լաուրա Գրքիկյանը («Էքսկուրսիաները պատմության դասավանդման արդյունավետության բարձրացման միջոց»)։
Բարձր գնահատելով մեր գործընկերների կատարած աշխատանքը՝ ՀՄԿ աշխատակիցները՝ ի դեմս տնօրեն Արաքսիա Սվաջյանի, շնորհավորում են մրցանակակիրներին՝ մաղթելով ուժ և եռանդ կրթության ոլորտում նորանոր հաջողություններ ամրագրելու կարևոր գործում։