2021թ․ ապրիլի 5-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցում» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Ընդդեմ բուլինգի և հակասոցիալական վարքի ՈՒլվեուսի մեթոդաբանությունը» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման քառօրյա դասընթացը:
Միջազգային փորձագետների կողմից իրականացվող դասերի ընթացքում մասնագետները կծանոթանան արևմտյան երկրներում կիրառվող բուլինգի նվազեցման և հաղթահարման լավագույն մեթոդաբանություններից մեկին:
Դասընթացը վարում է «Գլոբալ թու լոքալ» շվեդական կազմակերպության նախագահ Իրինա Ալեվերտը։ Միջազգային մյուս փորձագետները դասընթացին միանում են առցանց եղանակով:
Դասընթացի ավարտից հետո ՀՄԿ վերապատրաստման բաժնի մասնագետները մեկ տարվա ընթացում վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություններ կիրականացնեն ծրագրում ընդգրկված Երևան քաղաքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 5 հանրակրթական դպրոցներում՝ մանկավարժների, երեխաների ու ծնողների համար: