«Աջակցիր սատարողներին» ծրագիր

Երբ ուսուցիչների բարեկեցությունը խաթարված է աշխատանքի հետ կապված սթրեսի կամ ուժասպառության պատճառով, ինքնաբերաբար տուժում է նրանց աշխատանքի որակն ու աշակերտների և գործընկերների հետ փոխհարաբերությունները:

Հակամարտության իրավիճակներում, երբ ուսուցիչները հաճախ ապրում ու աշխատում են նույն պայմաններում, ինչ աշակերտներն ու ողջ համայնքը, սթրեսին դիմակայելն էլ ավելի դժվար է:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը (ՀՄԿ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ International Committee of the Red Cross in Armenia հետ համագործակցությամբ ապրիլի 19-ից սկսել է «Աջակցիր սատարողներին» ծրագիրը։ ՀՄԿ-ի, Սյունիքի և Տավուշի Տարածքային մանկավարժահոգեբական աջակցության կենտրոնների մասնագետները կանցնեն վերապատրաստման դասընթացներ, որից հետո կմեկնարկեն ծրագրում ընդգրկված սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ աշխատանքները։

Առաջին փուլում այս կենտրոնների 12 մասնագետներ անցել են չորսօրյա վերապատրաստման դասընթաց՝ ծանոթանալով սթրեսին որպես երևույթ, դրա դրսևորման ձևերին և հաղթահարման ուղիներին։ Մանկավարժները հաճախ տարբեր պատճառներով կարող են գտնվել սթրեսային իրավիճակում, հատկապես սահմանամերձ համայնքներում աշխատողները։

Դասընթացն ուղղված էր աջակցել ուսուցիչներին ունենալ առավել կայուն և դրական հոգեվիճակ, ինչպես նաև ճանաչել իրենց աշակերտների սթրեսի նշանները և կիրառել համապատասխան մոտեցումներ:

Ծրագրի երկրորդ փուլի վերապատրաստումները կմեկնարկեն մայիսի 10-ից։

Skip to content