ԷՄԻԼՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, ՀՊՄՀ լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․
Էմիլիան 2002թ-ից աշխատում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում՝ որպես լոգոպեդ: Միաժամանակ գիտական, մանկավարժական ու լոգոպեդական աշխատանք է իրականացրել կրթական այլ հաստատություններում։ Բազմաթիվ գիտական հոդվածների ու խաղերի հեղինակ և յոթ մեթոդական ձեռնարկի համահեղինակ է։ Աշխատանքային գործունեության ընթացքում մասնակցել է հայ և օտարերկրյա մասնագետների կողմից կազմակերպված բազմաթիվ վերապատրաստումների, լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունների բացահայտմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի։ Իրականացրել է մի շարք վերապատրաստումներ լոգոպեդների և հատուկ մանկավարժների համար՝ համագործակցելով տարբեր հաստատությունների հետ։
EduArmenia2023 աշխատաժողովին Է․ Թադևոսյանը ներկայանում է «ԿՐԿՆԱԿԻ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» թեմայով։
«Կրկնակի բացառիկությունը» օժտվածության զուգակցումն է ուսումնական դժվարությունների, ուշադրության կամ ճանաչողական այլ գործառույթների, վարքի խանգարումների հետ: Ներառական կրթության ներկայիս համակարգում այս երեխաների կրթության հարցերը խիստ արդիական են: «Կրկնակի բացառիկություն» ունեցող սովորողներն իրենց կրթական կարիքներին համապատասխան մանկավարժական մոտեցումների կարիք ունեն: Նրանց ցուցաբերվող աջակցությունը պետք է ուղղված լինի ուժեղ կողմերի (տաղանդի) զարգացմանը և միաժամանակ թույլ կողմերի հաղթահարմանը: Զեկույցում վերլուծության են ենթարկվել այս սովորողների հետ աշխատանքի մեթոդական մոտեցումները և կրթական միջավայրի հարմարեցումները։