Դեկտեմբերի 7-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «ԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՄ» աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Աշխատաժողովը միտված է արժևորելու նախադպրոցական կրթությունը՝ որպես հանրակրթության սկզբնական օղակ․ նպատակն է ոլորտի պատասխանատուներին իրազեկել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին:
Բացման խոսքով հանդես եկան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններ, ոլորտի այլ պատասխանատուներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորեց աշխատաժողովը՝ որպես միջանկյալ հնարավորություն՝ ամփոփելու նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները:
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը խոսեց նախադպրոցական կրթության բարեփոխումների մասին՝ կարևորելով համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը նախադպրոցական կրթության ոլորտում, անդրադարձավ կատարված իրավական կարգավորումներին, համագործակցային աշխատանքների միջոցով կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ հայտնաբերմանը, գնահատմանը և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացին։
Աշխատաժողովի աշխատարանների ընթացքում քննարկվեցին նախադպրոցական կրթության չափորոշչային պահանջներին, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառմանը, նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող հարցեր:
Աշխատարանների խոսնակներից էին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը։ «Համընդհանուր ներառումը նախադպրոցական կրթության ոլորտում» թեմայի շրջանակում Հ․Ադամյանը հանգամանալիորեն ներկայացրեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեությունը, նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված գործընթացները, անդրադարձավ Կենտրոնի կողմից մշակված և հրատարակված ձեռնարկներին, որոնք նախատեսված են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և ծնողների համար։ Նա կարևորեց ներառման դերը նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վաղ հայտնաբերման, արձագանքման և համապատասխան ուսուցում կազմակերպելու տեսանկյունից։
08.12.2023