ԼԻԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) լոգոպեդական ծրագրերի ղեկավար
Լ․Հովհաննիսյանը շուրջ 14 տարի որպես լոգոպեդ աշխատել է հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված մասնագիտացված մանկատանը, ապա աշխատանքը շարունակել դպրոցում։ Մասնագիտական գործունեության ընթացքում ուսումնասիրել է գրելու գործընթացի խանգարումների վերաբերյալ մանկավարժների և ծնողների իրազեկվածության մակարդակը և ըստ այդմ կարևորում է այդ ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտությունը։
Իրականացրել է շտկողական աշխատանքներ զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների հետ։ Այժմ էլ համակարգում է զարգացման կենտրոնների մասնագետների լոգոպեդական աշխատանքը, մշակում մեթոդներ դրանց արդյունավետության բարձրացման համար։
EduArmenia2023 աշխատաժողովին Լ․Հովհաննիսյանը ներկայանում է «ԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ» թեմայով։
Զեկույցը մանրամասնում է, թե ինչ է իրենից ներկայացնում գրելու գործընթացի խանգարումը՝ դիսգրաֆիան, որ գործընթացներն են տուժած լինում դիսգրաֆիա ունեցող երեխաների մոտ, և դիսգրաֆիայի ինչ տեսակներ գոյություն ունեն։ Այն միտված է ծնողական և մասնագիտական համայնքներում դիսգրաֆիայի մասին իրազեկվածության բարձրացմանը։