Հունիսի 12-14-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպվել էին այլընտրանքային թերապիաների վերաբերյալ վարպետաց դասեր ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աջակցող մասնագետների համար։
Վարպետաց դասերն ուղղված էին մասնագետների արտթերապևտիկ հմտությունների զարգացմանը, այս ուղղությամբ նրանց մասնագիտական որակների բարելավմանը:
ՏՄԱԿ-ների մեր գործընկերները մասնակցեցին այլընտրանքային թերապիաների՝ թատրոն, կավագործություն, պար, գործնականում ծանոթացան դրանց առանձնահատկություններին ու նրբություններին։
Վարպետաց դասերը մեկնարկեցին դրամաթերապիայով։ Արտթերապիստ Մարինե Ասատրյանի օգնությամբ մասնակիցներն իրենց ներուժն ու հնարավորությունները փորձեցին բացահայտել այս ոլորտում՝ հաղորդակցվելով թատերարվեստի միջոցով արդյունքի հասնելու նրբություններին։ Նրանք հանպատրաստից համատեղ սցենար գրեցին ինքնաճանաչման, ինքնաներկայացման, ինքնադրսևորման, սեփական «Ես»-ի բացահայտման, տարբեր «Ես»-երի հետ դեմ առ դեմ հանդիպման և այդ հանդիպումների մեջ սեփական տեղն ու դերը գտնելու մասին, որի ընթացքն ուղեկցվում էր «Ես-երի պարահանդես», «Քո տեղն ու դերը» խաղ-մաղերով և մասնագիտական աշխույժ քննարկումներով։
Ապա պարային թերապիայի ընթացքում, որն անցկացրեց արտթերապիստ Աննա Ղարիբյանը, մասնակիցները փորձարկեցին մի շարք պարային տեխնիկաներ՝ հայելային, նմանակման, արձագանքման և այլն, ինչպես նաև գործնականում կիրառեցին կոորդինացիայի, ռիթմի, ուշադրության, հիշողության զարգացմանը նպաստող պարային խաղ-վարժություններ:
Կավաթերապիստ Թագուհի Ստեփանյանի ուղղորդմամբ ՏՄԱԿ-ների մեր գործընկերները աշխատեցին կավով, պատրաստեցին տարբեր առարկաներ՝ նյութի մեջ մարմնավորելով ուժի վերաբերյալ իրենց պատկերացումները և նրա միջոցով արտահայտելով իրենց մտահղացումները։ Այդպիսով նրանք գործնականում առնչվեցին կավաթերապիային ու նրա լիցքաթափող բնույթին։
Վարպետաց դասերն ամփոփվեցին այն եզրահանգմամբ, որ յուրաքանչյուր առարկա, երևույթ և գործողություն իր մեջ հսկայական ռեսուրս և ուժ է պարունակում` կախված նրանից, թե ինչ տեսանկյունից ենք դիտարկում այն և իմաստավորում։
Այլընտրանքային թերապիաները համալրեցին ՏՄԱԿ-ների մասնագետների գիտելիքներն ու հմտությունները նոր կարողություններով և փորձառությամբ, որը վստահորեն կնպաստի նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
15.06.2024