Կրթությունը պետք է բոլորին հասանելի լինի՝ անկախ կարգավիճակից, առողջությունից, առանձնահատկություններից: Այս համատեքստում կազմակերպվել էր «Հասանելի կրթություն բոլորի համար» խորագրով քննարկումը, որը կլոր սեղանի շուրջ էր հավաքել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին։
2021թ հունիսի 1-ից Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման ՀԿ-ն իրականացնում է «Կրթության իրավունք բոլորի համար» արշավը: Մեկ տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ միայն առողջական խնդիրներով, այլև ծանր սոցիալական վիճակում գտնվող երեխաներից շատերը նույնպես զրկված են կրթության իրավունքից: Պատճառներն ու խնդիրները բազմաթիվ են՝ սկսած հոգեբանականից մինչև տեխնիկական:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանն իր խոսքում նշեց, որ այս տարվանից մեկնարկել է նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության ներդրման ծրագիրը, որը կիրականացվի Երևանի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: «Սա վաղ միջամտության մի գործողություն է, որը նպաստելու է հետագայում հանրակրթության մեջ կրթությունից դուրս մնացած երեխաների քանակի նվազեցմանը»: Տեղեկացվեց նաև, որ ներկայում Հայաստանում ստեղծվում է կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալների էլեկտրոնային հարթակ։
Սկզբնաղբյուր Freenews Armenia յութուբյան էջ