2022թ․ մայիսի 26-ին Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի անձնակազմի մասնակցությամբ հերթական կլոր սեղան-հանդիպումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի և ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգային հարցերից առաջինը անդրադարձն էր նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացին։ Թեմայի շրջանակում կատարված աշխատանքների մասին հակիրճ հաշվետվություն ներկայացրեցին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի ՏՄԱԿ-ների տնօրենները։ ՀՄԿ տնօրեն Ա.Սվաջյանը նշեց, որ գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է իրազեկող աշխատանքների և ՆՈՒՀ-երի մանկավարժական համակազմի վերապատրաստումների իրականացումը։
Հանդիպման օրակարգում ընդգրկված մյուս թեմաներն էին՝
- ✦ տնային ուսուցումը /իրականացված աշխատանքներ, մարտահրավերներ/,
- ✦ կրթությունից դուրս մնացած երեխաների կրթական իրավունքի իրացման ապահովումը,
- ✦ ՀՄԿ կողմից մշտադիտարկման գործընթացի նոր ձևաչափի վերաբերյալ հետադարձ կապի գործարկումը,
- ✦ ՏՄԱԿ-ների կառուցվածքի՝ մասնավորապես բաժինների ձևավորումը` ըստ գործառույթների։
Քննարկվեցին ԿԱՊԿ ունեցող երեխաներին տրամադրվող ՄՀ ծառայությունների ծավալների կատարողականության և հանրակրթական ուսումնական հաստատություններում ՄՀ թիմերի, թափուր հաստիքների, ֆինանսավորման վերաբերյալ մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձան նաև Տարածքային մակարդակի ԿԱՊԿ գնահատման բողոքարկումներին, ԱՈՒՊ-ի նոր ձևաչափի պիլոտային կիրառմանը, ՏՄԱԿ-ների սոցիալական էջերում տեղադրված նյութերի բովանդակությանը։
Հանդիպման արդյունքներն ամփոփելիս՝ օրակարգի թեմաների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ և առաջարկություններ եղան։